Վերջին զանգ

2018-2019թթ

Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի կապակցությամբ: Միաժամանակ հույս եմ հայտնում, որ դուք կդառնաք մեր ազգին արժանի անհատներ, կընտրեք ճիշտ մասնագիտություն և կդառնաք կատարելագործված մասնագետներ և միշտ բարձր կպահեք հարազատ կրթօջախի անունը: Համոզված եմ, որ դուք կհիշեք բոլոր ուսուցիչներին, կգնահատեք նրանց անխոնջ ու նվիրական աշխատանքը:
Սիրելի՛ շրջանավարտներ, այս հիշարժան տոնի առթիվ շնորհավորելով ձեզ՝ պատգամում եմ, որ երբեք չմոռանաք ձեր հայրենիքը, պատրաստ լինեք նրա պաշտպանությանը, շենացմանն ու բարգավաճմանը նվիրվելուն: Երկրի շենացումը սկսում է ընտանիքից և սերմնավորվում դպրոցում՝ ձեր ուսուցիչների տված գիտելիքներով: Համոզված եմ, որ դպրոցից սկսվող Վերջին Զանգի ղողանջները նոր ազդակ են լինելու կյանքի դժվարին ճանապարհին նորանոր բարձունքներ հաղթահարելու համար: Կցանկանայի, որ մասնագիտական ինչ կողմնորոշում էլ ընտրեք, ձեզ վրա պատվով կրեք Հայաստանի արժանի զավակ լինելու կոչումը: Եղե՛ք մեր հայրենիքի արժանի զավակներ, իմացե՛ք, որ հայոց աշխարհին պետք են ուսյալ, խելացի ու բանիմաց մարդիկ: Համոզված եմ՝ դուք եք լինելու Ավարայրի, Սարդարապատի, Շուշիի, ապրիլյան ազատամարտի արժանի հետնորդները՝ պատրաստ ամեն րոպե կրկնել ձեր հայրերի ու եղբայրների սխրանքները: Սիրելի մանկավարժներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք կարողանում եք տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ կրթել ու դաստիարակել հայրենիքին նվիրված, գիտելիքներով հարուստ և արժանապատիվ սերունդ: Շնորհավորում եմ նաև ձեզ սիրելի ծնողներ,թող ձեր երեխաները ձեզ միայն ուրախություն և երջանկություն պարգևեն: Շնորհավորում եմ կրկին Վերջին զանգի կապակցությամբ. թո՛ղ այն հնչի որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող մեկնարկ: